Արմինֆո. Հայաստանի սիրիական առաքելությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արտաքին քաղաքական հաջող մանևրի հերթական օրինակն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք հայտնել ռուսաստանցի վերլուծաբան, Կովկասի գծով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Նշենք, որ փետրվարի 8-ից Սիրիայում գտնվող ՀՀ ԶՈւ զորակազմը փաստացի գտնվում է ռուսական խմբավորման կազմում:
<Բնական է, որ Երևանի սիրիական նախաձեռնությունը Վաշինգտոնում չի աջակցվում, ինչպես <չի աջակցվում այդ առաքելության իրականացման համար Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը>: Սակայն, Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում ռազմական առաքելություններին ներգրավվածության համար ԱՄՆ-ը Երևանին չի քննադատել, քանի որ այդ առաքելություններն իրականացվել են առանց Մոսկվայի մասնակցության: Աշխարհաքաղաքական դասավորության որոշման հարցում վճռորոշ դեր շարունակում է խաղալ Վաշինգտոնը>,- ընդգծել է նա:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան փետրվարի 13-ին հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Ըստ որում, Պետդեպարտամենտն ըմբռնումով է վերաբերում Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությանը, և կիսում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները:
Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն օբյեկտիվորեն նպաստող՝ Սիրիայում Հայաստանի առաքելությունը, վերլուծաբանի կարծիքով, պատշաճ կերպով գնահատեցին նաև Մոսկվայում: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի համաձայն՝ <Հայաստանն առաջինն է արձագանքել սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու մեր կոչին>: Հայաստանի դիրքորոշումն առանձնանում է՝ ՀԱՊԿ այլ երկրների ավելի զգուշավոր դիրքորոշման լույսի ներքո:
<Երևանի գործողություններում կա փոխադարձ մոտիվացիայի հասկացության հարցում պարբերաբար ծագող խնդիրները հաղթահարելու, Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահությունն ամրապնդելու ձգտում: Իհարկե, առաջին հերթին դա պայմանավորված է բավականին հզոր հոգեբանական էֆեկտով, որը Մոսկվայի վրա ունեցավ Հայաստանում <թավշյա հեղափոխությունը>: Փաշինյանը և նրա թիմը փորձում են նաև Ռուսաստանի աջակցությունը ստանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ահրցում: Եվ, իհարկե, Սիրիայում Ռուսաստանին աջակցելով՝ Հայաստանը փորձում է հնարավորինս աջակցել դեռևս այդ երկրում բնակվող հայրենակիցներին>,- ամփոփել է Մարկեդոնովը: