Արմինֆո.Վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցավ Արփի Մերասն ընդդեմ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով դատական նիստը:
Կանադահայ բարերար Արփի Մերասի որդին, ով հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը Մերասի մահից հետո, շարունակում է պնդել «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանի մեղավորությունը և պահանջել նրանից դրամական փոխհատուցում և ազատազրկման ենթարկել:
Հիշեցնենք, Մարինա Պողոսյանը մեղադրվում է ուրիշի գույքը ապօրինի վաճառելու և գումարը յուրացնելու համար: Ըստ գործի, Պողոսյանն ապօրինի վաճառել է Արփի Մերասի բնակարանը և յուրացրել վաճառքից ստացված 140 հազար ԱՄՆ դոլար գումարը: Ինքը՝ Մերասը, հանկարծամահ է եղել այս գործի հետ կապված ապրումների ու քաշքշուկների հետևանքով:
Տարիներ առաջ Արփի Մերասը Կանադայում մանկապարտեզ է հիմնում և անցած տարիների ընթացքում Հայաստանից շուրջ 30 կարիքավոր երեխաների է իր միջոցներով տեղափոխում Կանադա՝ տալով նրանց այնտեղ բուժվելու, ապրելու հնարավորություն: Հենց այդ գործունեության ընթացքում նա ծանոթանում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:
Նրանց մեջ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման արդյունքում տիկին Մերասը Նալբանդյան 50, բն. 42 հասցեում գտնվող իր բնակարանը լիազորագրով վստահում է Մարինա Պողոսյանին: Կանադահայ կինը 2012-ին Մարինա Պողոսյանին երեք տարի ժամկետով լիազորագիր է տալիս՝ բնակարանի հետ կապված հարցերում ներկայացնել վերջինիս: Սակայն բարերար կնոջ մտքով անգամ չէր անցնի, որ այդ լիազորագիրը Պողոսյանը կօգտագործի անձնական շահադիտական նկրտումներով, այն է՝ բնակարանը կվաճառի այնտեղ առկա ողջ գույքի ու տեղխնիկայի հետ միասին և կգրպանի 140 հազար դոլարը: Բնակարանի վաճառքը տեղի է ունեցել 2014 թվականին, ի դեպ, այս ապօրինի գործարքի մասին Արփի Մերասը տեղեկացել է բոլորովին պատահական իր ծանոթներից: Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել:
Մի քանի տարի տևած դատական քաշքշուկներից հետո, սակայն, 2018 թվականի մայիսին Մարինա Պողոսյանն արդարացվեց Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Բացի այդ, դատավորը առանց քննության թողեց նաև Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը, ինչը տուժող կողմին դրդեց բողոքարկել որոշումը ավելի բարձր ատյանի դատարանում: Նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ այս տարվա առաջին դատական նիստը, որի ժամանակ տուժող կողմը ներկայացրեց իր հիմնավորումները, թե ինչու Մարինա Պողոսյանի դեմ կայացված արդարացման դատավճիռը պետք է բեկանվի: Տուժող կողմը պահանջում է վերադարձնել յուրացված գումարը, ավելին՝ ազատազրկել Պողոսյանին 7 տարի ժամկետով: Սակայն նիստն ընդհատվեց և կշարունակվի մարտի 7-ին:
Լրագրողների հետ զրույցում տուժող կողմի փաստաբան Հրանտ Անանյանն ասաց, որ իրենք վճռական են տրամադրված և գնալու են մինչև վերջ: Իրենց պնդումը հետևյալն է՝ լիազորագիրը հնարավորություն է տվել վաճառք իրականացնել, բայց դա միայն հարաբերությունների արտաքին կողմն է, իսկ ներքին կողմն այն է, որ հանձնարարողը հանձնակատարի հետ պետք է ինտենսիվ կապի մեջ լիներ որևէ գործարք կնքելուց առաջ: Այսինքն, Մարինա Պողոսյանն իրավունք չուներ ինքնագլուխ գործելու:
«Անգամ եթե լիազորագրում վաճառքի հնարավորությունն ամրագրված է, վաճառքից գոյացած գումարի նկատմամբ սեփականությունը լիազորողինն է, այսինքն ներկայացուցիչը այդ գումարի տիտղոսային տիրապետող չի: Այլ կերպ ասած, եթե ընդունենք, որ Պողոսյանը կարող էր վաճառել բնակարանը, իսկ լիազորագրի կեղծ լինելը կամ այլ խնդիր այդ փաստաթղթի հետ կապված տուժող կողմը չի վիճարկել այս ողջ ընթացքում, ապա վաճառքից հետո գումարը պետք է փոխանցվեր Արփի Մերասին: Ինչը չի արվել»,- ասաց նա:
Անանյանի խոսքով, գործ ունենք ակնհայտ ապօրինության հետ: Հարցին, թե ինչո՞ւ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել բերված փաստարկները, փաստաբանը նշեց, որ իրենց բողոքը հենց այդ հիմքի վրա է կառուցված.
«Ես նկատել եմ դատավորի կողմից կաշկանդվածություն և կանխակալ վերաբերմունք, ինչի արդյունքում ինքնաբացարկ եմ հայտնել դատավոր Մարտիրոսյանին, քանի որ նա ի վնաս տուժող կողմի էր հանդես գալիս: Օրինակ, արգելեց դատարանում ելույթ ունենալ Արփի Մերասի որդուն: Հույս ունենանք, որ այս անգամ տուժողի ձայնը ավելի լսելի կլինի»,- ընդգծեց նա: