Արմինֆո.Մենք կարծում ենք, որ կառավարման կիսանախագահական համակարգի անցնելով, Հայաստանը վիթխարի հետընթաց քայլ կկատարի: Փետրվարի 18-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի այն հայտարարությունը, թե տարվա ընթացքում հանրաքվե պետք է անցկացվի կառավարման կիսանախագահական ձեւի վերադառնալու շուրջ:
Պատգամավորը հայտարարել է, որ երկիրը բոլորովին վերջերս է անցել կառավարման խորհրդարանական համակարգի, եւ, իր կարծիքով, պետք է առաջ շարժվել եւ կատարելագործել ձեռքբերումները կառավարման խորհրդարանական համակարգի կայացման գործում, ոչ թե` հետ գնալ: Մարուքյանը նաեւ նշել է, որ հարկավոր է հրաժարվել սուպերվարչապետական համակարգից եւ դառնալ լիարժեք խորհրդարանական երկիր:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը, իր հերթին, նշել է,
որ «Իմ քայլը» խմբակցությունում այս հարցը դեռ չի քննարկվել: Նա
ընդգծել է, որ կառավարության օրակարգում, իհարկե, կան սահմանադրական բարեփոխումներ, բայց կառավարման համակարգի շուրջ քննարկումներ դեռ չեն եղել: «Այնուամենայնիվ, ես կցանկանայի նշել, որ առաջիկայում մենք անպայման այդ հարցը կքննարկենք՚, - ասել է փոխխոսնակը: