Արմինֆո. Վարդան Ուռուտյանը հաստատվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում: Այդ մասին որոշում է կայացվել փետրվարի 6-ին կառավարության նիստում:
Ներկայացնելով որոշման նախագիծը` կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին բուհի խորհուրդը ռեկտորի պաշտոնի համար հաստատել էր Վարդան Ուռուտյանի թեկնածությունը: Նախարարն ընդգծել է, որ բարձրագույն կրթության ոլորտում կառավարության հիմնական խնդիրը բուհերի ապաքաղաքականացումն է, դրանց անկախության և ակադեմիական ազատության ապահովումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, նշել է, որ բուհերի ապաքաղաքականացման հարցը կառավարության գիծն է: «Այսօր հաճախ մեղադրանք է հնչում, որ բուհական համակարգում ոչինչ չի փոխվել, սակայն պետք է արձանագրել, որ գործադիր իշխանությունն այսուհետև չի միջամտելու բուհերի գործերին: Հենց այդ պատճառով մենք դուրս ենք գալիս բուհերի խորհուրդներից, և հարկ չկա այդ գործընթացը դիտարկել որպես պետության կողմից իներցիա՚, - փաստել է կառավարության ղեկավարը: «Մեր նպատակը լուրջ կառուցվածքային փոփոխություններն են կրթության համակարգում՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նորանշանակ ռեկտորին կոչ անելով ավելի մեծ ուշադրություն դարձնել գիտական և հետազոտական աշխատանքին, ձևավորել կապ արտադրության հետ: Այդ հարցում կառավարությունը կարող է աջակցել գյուղատնտեսության զարգացմանը նպատակաուղղված մի շարք ծրագրերի ֆինանսավորման տեսքով:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նորանշանակ ռեկտորը նշել է բուհի հիման վրա ագրարատեխնոլոգիական կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը, որը կնպաստի գյուղատնտեսական արտադրության առաջընթացին: