Արմինֆո. Իսրայելի պաշտպանության նախարարությունը Aeronautics Defense Systems (ADS) ընկերությանը կրկին թույլ է տվել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) մատակարարել Ադրբեջան: Ավելի վաղ Իսրայելի ՊՆ-ն Aeronautics Defense Systems (ADS) ընկերությանն արգելել էր ԱԹՍ-ներ արտահանել Ադրբեջան` փորձնական ցուցադրության շրջանում դրանք հայկական ԶՈՒ դեմ կիրառելու կասկածների առնչությամբ:
Ինչպես հաղորդել է The Times of Israel-ը, փետրվարի 4-ին Aeronautics Defense Systems (ADS) ընկերությունը Թել Ավիվի բորսայում հաղորդել է «կարեւոր հաճախորդ A»-ին Orbiter 1K կամիկաձեի արտահանման արգելքը վերացնելու մասին: ADS-ի հաղորդման համաձայն, երկրի պաշտպանական գերատեսչությունը կարգադրել է հնարավորինս սեղմ ժամկետներում վերսկսել է ԱԹՍ-ների արտահանումն իր պատվիրատուին:
Այնուամենայնիվ, ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մատանի, տնօրենի տեղակալ Մեիր Ռիզմովիչի եւ ընկերության մի աշխատակցի լիցենզիաները մնում են սառեցված, քանի որ նրանք կասկածվում են սպառազինության արտահանման նկատմամբ վերահսկողության մասին օրենքի խախտման և խարդախության մեջ:
Փաստի առնչությամբ հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը` դատապարտելով Իսրայելի պաշտպանության նախարարության այդ որոշումը:
Ավելի վաղ իսրայելական «Maariv»-ը հաղորդել էր, որ Ադրբեջանում ԱԹՍ-ների փորձնական ցուցադրության ժամանակ այդ երկրի ներկայացուցիչները ADS օպերատորներին խնդրել էին հարվածել հայկական զինված ուժերի դիրքերին` կամիկաձեի հնարավորությունները ցուցադրելու համար: