Արմինֆո.Ամերիկացի միլիարդատեր, «Սորոս՚ հիմնադրամի նախագահ, Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիր Ջորջ Սորոսը Twitter-ի իր միկրոբլոգում զետեղված գրառման մեջ ընդգծել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցելու կենսական անհրաժեշտությունը:
«Հայաստանում քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար»,- գրել է Սորոսը։ Իր գրառմանը նա կցել է «Ինչպես ԱՄՆ քաղաքականությունը որոշող անձինք կարող են սատարել Հայաստանի ժողովրդավարությանը» հոդվածի հղումը, որը հրապարակվել էր Քաղաքացիական հասարակության հիմնադրամի կայքում: Հոդվածագիրը, մասնավորապես, խոսում է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հետագա զարգացման հնարավորության մասին։
Հիշեցնենք, որ «Բաց հասարակություն» հիմնադրամը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է ֆինանսիստ Ջորջ Սորոսի կողմից` աշխարհում բաց հասարակության կայացմանն ու զարգացմանն աջակցելու համար: Հիմնադրամը ֆինանսավորում է մշակույթի եւ արվեստի, կրթության եւ առողջապահության, գիտության եւ մարդու իրավունքների ոլորտների ամենատարբեր նախագծեր, որոնք նյութական շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում: Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացողների թվում կան ուսուցիչներ, լրագրողներ, ուսանողներ, գիտնականներ, նկարիչներ, իրավաբաններ, գործարարներ եւ այլն: Հիմնադրամի ներկայացուցչություններ են գործում աշխարհի ավելի քան 30 երկրներում, այդ թվում `Հայաստանում: