Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիա Հայաստանի և Գերմանիայի միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու լավ առիթ է:Այդ մասին նախօրեին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը՝ ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նախագահ Շթայնմայերն ընդգծել է` երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պետք է շարունակաբար ամրապնդել և օգտագործել այլ ուղղություններով ևս համագործակցությունը զարգացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար Գերմանիան կարևոր գործընկեր է, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել ակտիվ միջպետական երկխոսությունը:
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական գործընկերության ընդլայնմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և այդ համատեքստում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, տարածաշրջանային ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում: