Արմինֆո. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի կոմիտեի նախագահ Մարգրեթ Քիները մտահոգություն է հայտնել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանի մահվան առնչությամբ, որը 44-օրյա հացադուլից հետո մահացել է բանտում:
Ինչպես ասվում է ԵԱՀԿ ԽՎ «Թուիթերի՚ միկրոբլոգում զետեղված հաղորդագրությունում, Մարգրեթ Քիներն այդ հարցով դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, նշելով, որ այդ գործի հետաքննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը շատ կարևոր է:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանի կառավարությունից ակնկալում է Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների պատշաճ քննություն:
Հիշեցնենք. հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն՚ ՔԿՀ-ում մահացել է 44 օր հացադուլի մեջ գտնված Մհեր Եղիազարյանը: Նա ձերբակալվել էր դեկտեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում: Մհեր Եղիազարյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախության և կաշառք տալու համար: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: Մհեր Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը: