Արմինֆո. Հայաստանի աշխարհագրական դիրքն այնքան էլ բարենպաստ չէ` ռեսուրսների և հարևանների առումով:
Այդ մասին հայտարարել է աշխարհաքաղաքականության դոկտոր, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոցենտ Ֆրեդերիկ Անսելը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը «Դեպի նոր իմպերիալի՞զմ, որը հիմնված է նույնականության գաղափարի վրա՚ թեմայով դասախոսության ընթացքում` անդրադառնալով աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում Հայաստանի աշխարհագրական դիրքը մեկնաբանելու խնդրանքին:
Անսելը փաստել է, որ երկար տարիներ զբաղվել է փոքր երկրով, որն ունի գոյատևման համար անհնար աշխարհագրական դիրք: «Խոսքը վերաբերում է Իսրայելին: Եվ, հիմնվելով իմ հետազոտությունների վրա, վստահությամբ կարող եմ ասել, որ աշխարհագրությունից զատ գոյություն ունի նաև մտածողություն: Ինձ համար մտածողությունն ադապտացում բառի հոմանիշն է: Եվ ահա ադապտացման ունակությունը որոշում է ամեն ինչ, և այն արդեն չի ենթադրում վատ կամ լավ աշխարհագրական դիրք: Ես համոզված եմ, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնքան էլ հաջող չէ: Սակայն, այն ցամաքային ուղին, որն Իրանը կապում է Ռուսաստանին Մեղրիի կիրճով, ունի կարևորագույն նշանակություն՚, - նշել է փորձագետը: Նա, միևնույն ժամանակ, փաստել է, որ այնպիսի պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է, կենսական կարևորություն է տնտեսության զարգացումը, որը հիմնված լինի բարձր տեխնոլոգիաների վրա:
Անսելը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանը, ելնելով իր աշխարհագրական դիրքից, հարկադրված է պահպանել Ռուսաստանի հետ երկարաժամկետ դաշինքը: «Հատկապես երկարաժամկետ, այլ ոչ թե հավերժ, քանզի այս աշխարհում ոչինչ հավերժ չէ, իսկ ուժային բևեռները չափազանց սրընթաց փոխվում են: Այսօր ինձ համար բարդ է կանխատեսել, թե արդյոք Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ում, արդյոք կպահպանի իր տարածքային ամբողջականությունը, արդյոք կստեղծվի անկախ Քրդստան: Սակայն պարզ է մեկ բան. Իրանի և Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումը չի կարող Հայաստանին խանգարել նվաճել աշխարհը՚, - ամփոփել է Անսելը: