Արմինֆո. <Հավաստիացնում եմ ձեզ, ղարաբաղյան գործընթացում չկա մի տեղեկատվություն, որի մասին հասարակությունը տեղյակ չլինի: Ես խոստացել եմ, որ գործընթացը թափանցիկ կլինի, ես հավատարիմ եմ այդ խոստմանը>,- լրագրողներիր հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե ԱՄՆ ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, այնուամենայնիվ, քննարկվել է ղարաբաղյան հարցը՝ չնայած այն բանին, որ Փաշինյանն ինքը հակառակն է պնդել՝ վարչապետն ընդգծել է. <Եվս մեկ անգամ ասում եմ, որ Բոլթոնի հետ քննարկվել են բացառապես այն հարցերը, որոնց մասին արդեն ասել եմ /հայ-ամերիկյան հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում/, ղարաբաղյան հարցը չի քննարկվել, Ղարաբաղ բառը խոսակցության ընթացքում չի հիշատակվել, Ադրբեջան բառը նույնպես, ընդհանրապես այդ հարթությունում քննարկումներ չեն եղել>:
Խոսելով Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք ոչ պաշտոնական բնույթ են կրում: Ինչ վերաբերում է պաշտոնական հանդիպումներին և բարձր մակարդակով բանակցություններին, ինչպես նշել է վարչապետը, այդ առնչությամբ քննարկումներ են ընթանում երկու երկրների արտգործնախարարների մակարդակով:
Խոսելով վերջին ժամանակներս շրջանառվող <տարածքներ խաղաղության դիմաց> բանաձևի մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն կարող նույնիսկ քննարկել դա: <Նման բան ուղղակի չի կարող լինել: Եվ ընդհանրապես մեր կառավարությունը ղարաբաղյան հարցի առնչությամբ վարում է այնպիսի սկզբունքային քաղաքականություն, որը մինչ այդ չի վարել Հայաստանի ոչ մի կառավարություն>,- ընդգծել է վարչապետը: