Արմինֆո. 2008 թ. մարտի 1-ի երեկոյան բանակին հանձնարարվել է ապահովել պետական շենքերի անվտանգությունը, իսկ ցերեկը բանակն ընդհանրապես չի միջամտել գործընթացներին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Այն դիտարկմանը, թե փաստագրական կադրերում երևում է, որ փողոցներ է դուրս բերվել հատուկ տեխնիկա՝ Սահակյանը պատասխանել է. <Տեխնիկան պարզապես պատրաստ վիճակում կանգնած էր, քանի որ իրադարձությունները կարող էին զարգանալ այլ կերպ, քանի որ երկու գեներալ և հատուկ գնդի 80 տոկոսը փորձել է ակտիվ գործողություններ ձեռնարկել այդ օրերին: Ինքներդ եք տեսնում այդ կադրերում, որ մարդիկ զինված էին փայտերով, ձողերով, մահակներով>: Սահակյանը կրկին հիշեցրել է, որ Քոչարյանն անձեռնմխելի է: <Բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կամ տգետ են, կամ իրենց առջև նպատակ են դրել անել այն, ինչ չի կարելի անել: Ես այն կարծիքի եմ, որ սահմանադրական կարգի տապալման փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից>,- հայտարարել է նա: