Արմինֆո. Ալիևի հետ հանդիպումից որևէ արդյունք չի ակնկալվել, Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին:
<Դա պարզապես շփում էր: Ոչ Ալիևը, ոչ ես արդյունքներ չէինք ակնկալում: Մենք պարզապես խոսել ենք: Իհարկե, մենք քննարկել ենք ղարաբաղյան խնդիրը: Բայց դա պաշտոնական բանակցություն չէ, մենք պարզապես խոսում ենք այդ խնդրի մեր ընկալումների մասին, այն մասին, թե մենք ինքներս ինչպես ենք ընկալում այդ խնդիրը, ինչպես են ընկալում մեր ժողովուրդները>,- բացատրել է Փաշինյանը:
Ի պատասխան այն հարցին, թե քննարկվել է արդյոք հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնման կամ բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձի հնարավորությունը՝ Փաշինյանը հավաստիացրել է, որ ամբողջ խոսակցությունն ընթացել է իր հրապարակային հայտարարությունների շրջանակում: «Ես բարձրաձայնել եմ իմ հրապարակային հայտարարությունները և դիրքորոշումը: Ես ասել եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը, այլ ոչ Արցախը՝ այն պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին և չեն ընտրել ինձ: Նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց նախագահը: Այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Արցախի անունից, ես կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից>,- հայտարարել է Փաշինյանը:
Այնուամենայնիվ, նա հրաժարվել է բացահայտել հանդիպման բոլոր մանրամասները՝ վկայակոչելով էթիկայի պահանջները: Խոսելով Ալիևի հետ պաշտոնական բանակցությունների ժամկետների մասին՝ նա նշել է, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարները բանակցություններ են վարում, բայց դեռևս հստակություն չկա: