Արմինֆո. Մոսկվայի պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղի դասախոս Սերգեյ Վարտանովը նախօրեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կոչ է արել աջակցել Հայաստանի միակ ռուսերեն թերթին` «Գոլոս Արմենիին՚, որի կայքում «վերջին նորություններ՚ խորագրում վազող տողով անցնում է թերթի տպագիր տարբերակի թողարկումը դադարեցնելու մասին լուրը:
«Գոլոս Արմենիի» թերթը համարելով երկրում օբյեկտիվ տեղեկատվության միակ աղբյուրը, որը պահպանում է լրագրության ավանդույթները, Վարտանովը բոլորին կոչ է անում ջանք գործադրել այն պահելու համար: «Շատ կարեւոր է պահպանել տեղեկատվության աղբյուրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների համար», - կարծում է Վարտանովը: «Գոլոս Արմենիի»-ն կարող է տեղեկատվություն հասցնել դաշնակից երկրի բնակչությանը այնպիսի պայմաններում, երբ հակառուսական Արեւմուտքը հովանավորում է մեծ թվով կազմակերպություններ, իսկ երկրի իշխանությունները խղճուկ են՚, - գրել է դասախոսը, որը թերթում ծագած խնդիրների պատճառը համարում է տեղի կառավարության կողմից ֆինանսավորման բացակայությունը, ինչպես նաեւ թերթում գովազդներ տեղադրելուց ձեռնարկությունների հրաժարվելը: Իր ուղերձում նա նաեւ նշում է արդի Ռուսաստանում իր դաշնակիցներին աջակցելու քաղաքականության բացակայությունը, «որոնք դեռ հիշում են, թե ինչ է խորհրդային ինտերնացիոնալիզմը, խորհրդային ժամանակաշրջանի մշակութային ավանդույթները, փոխգործակցությունը եւ փոխադարձ օգնությունը»:
Հիշեցնենք, որ «Գոլոս Արմենիի՚-ն հրատարակվում է 1991 թվի մայիսից եւ համարվում է «Սովետսկայա Արմենիայի՚ ավանդույթների շարունակողը: