Արմինֆո.Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «eBay» ընկերության փոխնախագահ Գեթի Ֆոսթերի հետ: Վարչապետը կարևորել է ինտերնետ-աճուրդային ընկերության գործունեությունը և նշել, որ այն համահունչ է տեղի ունեցող տեխնոլոգիական տրանսֆորմացիային: Կառավարության ղեկավարը հավելել է, որ ինտերնետ-առևտրի, էլեկտրոնային վճարումների և հեռահաղորդակցության ոլորտում eBay-ի գործունեությունը մեծ պահանջարկ ունի մեր երկրում և կարևորել Հայաստանում վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը հավելել է նաև, որ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը և eBay ընկերությանը հրավիրել մասնակցելու ֆորումի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանում ՏՏ ոլորտի առաջանցիկ տեմպերով զարգացման փաստը:
Գեթի Ֆոսթերը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` մեր երկրում eBay-ի գործունեության հեռանկարները և ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով: