Արմինֆո.Ղազախստանի գործող ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահում երկրում ազգերի խաղաղ և իրավահավասար գոյակցության ապահովման հարցը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել 2013-2018թթ. Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը` անդրադառնալով Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպին:
Նա ընդսմին փաստել է, որ Ղազախստանի պետական համակարգը հստակ է գործում: Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ Ղազախստանում հպարտանում են այն բանով, որ երկրում «մեկ տանիքի՚ ներքո ապրում են 132 ազգությունների ներկայացուցիչներ: Այդ առնչությամբ Սահակյանը հիշեցրել է, որ այնտեղ գործում է Ղազախստանի ժողովրդի վեհաժողով, որը գլխավորում է երկրի նախագահը: Վեհաժողովի նպատակը կենտրոնացված աջակցությունն է ազգային մշակութային միավորումներին: «Կարագանդայի միջադեպը բացառապես կենցաղային բնույթի է, սակայն որոշ շրջանակներ փորձեցին դրան այլ երանգ հաղորդել, ինչը շատ արագ կասեցվեց՚, - ընդգծել է Ղազախստանում Հայաստանի նախկին դեսպանը:
Միևնույն ժամանակ, նա չի հնամաձայնել այն կարծիքին, թե Ղազախստանում հայերը օգտվում են ինչ-ինչ արտոնություններից: Սահակյանն ընդգծել է, որ այդ երկրում հայերն իրենց հացը վաստակում են քրտնաջան աշխատանքով: «Ղազախստանում 5 տարվա առաքելություն իրականացնելիս ես համոզվել եմ, որ հայերն այդ երկրի օրինապաշտ քաղաքացիներ են, որոնք հոգով ու սրտով կապված են իրենց Հայրենիքին՚, - նշել է Սահակյանը:
Միևնույն ժամանակ, դիվանագետը փաստել է, որ Կարագանդայի միջադեպից հետո աշխուժացել են ադրբեջանցի բլոգերները: «Մարդկության ամենասարսափելի չարիքներից մեկն ազգայնականությունն է, որը հեշտ չէ հաղթահարել: Հասարակության որոշ շերտերում նստած է ազգային սնափառություն, բացառիկության զգացում, որը ժամանակ առ ժամանակ դրսևորվում է` բարեբեր հողի առկայության դեպքում՚, - ասել է նա: Ընդ որում, դիվանագետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության մասին պետք չէ դատել միայն ըստ Ղազախստանում ՀՀ դեսպանության, ԱԳՆ և այլ կառույցների հայտարարությունների: Նրա ասելով, միջադեպի առաջին իսկ րոպեներից հայ գործիչների հետ վիթխարի աշխատանք են անցկացրել Ղազախստանի իրավապահ մարմինները, իշխանության, տեղի վերնախավի առանցքային օղակները, և այդ համատեղ գործունեության արդյունքը մի քանի օր անց ներկայացվել է հասարակայնությանը: «Այդպիսին է դիվանագետի աշխատանքը, հավասարակշռված, մտածված, զերծ թատերականացումից և տպավորություն թողնելու ձգտումից՚, - փաստել է Սահակյանը` կոչ անելով հետևություններ անել գործունեության արդյունքից:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի ռեստորաններից մեկում ծեծկռտուքի արդյունքում զոհվել է 23-ամյա երիտասարդ, ևս երեք մարդ մարմնական վնասվածք է ստացել: Մահվան ելքով միջադեպը առիթ է ծառայել ազգամիջյան պառակտման և ապատեղեկատվության տարածման համար: Ծեծկռտուքի և սպանության փաստի առնչությամբ, վերջին տվյալներով, ձերբակալվել է 8 մարդ: