Արմինֆո. Հունվարի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Այդ մասին ասվում է նրա փաստաբանների տգարածած հայտարարությունում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, մասնավորապես տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է՚, - նշված է հայտարարությունում:
ՄԻԵԴ-ը նաև Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել՝ դիմումատուի փաստաբաններին հրահանգելով մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը: «ՄԻԵԴ-ը նաև զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու Իրավունքների Կոնվենցիայի խախտման՚, - ասվում է հայտարարությունում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 2.160.950.000 ՀՀ դրամին համարժեք 6.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամիս ժամանակով: Նույն դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը: