Արմինֆո. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին՚, - «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, հաղորդելով, որ այսօր երկրորդ անգամ նշանակվեց Հայաստանի վարչապետ:
Ավելի վաղ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որի ժամանակ Վարչապետն ընդգծել է, որ հիմնական քաղաքական փոփոխությունը, որ Հայաստանի Հանրապետությունում ակնկալվում էր, արդեն իսկ տեղի է ունեցել՝ իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, և Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն: «Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներով ամրապնդվի, որպեսզի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը երաշխավորվեն ոչ թե քաղաքական իրավիճակով, ոչ թե անձերով պայմանավորված, այլ ժողովրդավարական, պետական, քաղաքական ինստիտուտների կայացմամբ՚, - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա հավաստմամբ, տնտեսական կյանքում նույնպես կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: «Ըստ էության, Հայաստանում մենաշնորհային տնտեսական համակարգն այլևս գոյություն չունի առնվազն քաղաքական կամքի և իրողությունների մակարդակով, բայց այդտեղ էլ մենք ինստիտուցիոնալ երաշխիքների կարիք ունենք: Եվ ես շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ այն փոփոխությունները, որոնք մենք ակնկալում ենք, չեն կարող տեղի ունենալ առանց քաղաքացիների այնպիսի մասնակցության, ինչպիսի մասնակցությամբ ապահովվել են մինչև այժմ եղած քաղաքական փոփոխությունները: Ինչպես Հայաստանում քաղաքական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիների և սփյուռքի միլիոնավոր մեր հայրենակիցների մասնակցությամբ, և նրանք իրենց բաժին պատասխանատվությունն ստանձնեցին, տնտեսական հեղափոխությունը նույնպիսի բանաձևով եմ պատկերացնում՝ իհարկե, պայմանով, որ կառավարությունը պետք է ստանձնի ժողովրդի առաջ իր ունեցած բոլոր պարտավորությունները և այդ պարտավորությունները կատարի՚, - հայտարարել է վարչապետը` կարևորելով մեր պետական ինստիտուտների համագործակցությունը: «Ըստ էության, մենք գործ ունենք նոր իրավիճակի հետ, և շատ կարևորում եմ նախագահի, վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի համագործակցությունը: Պետք է արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում որոշակի պրակտիկա կուտակել ենք, բայց, այնուամենայնիվ, սա նոր իրավիճակ է, նոր ինստիտուցիոնալ հարաբերություններ են, և մենք պետք է կարողանանք այստեղ նույնպես այնպիսի ավանդույթներ ստեղծել, որոնք կերաշխավորեն իշխանությունների հստակ տարանջատումը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և, իհարկե, փոխզսպումների և հակակշիռների համակարգ: Ես ուզում եմ ասել, որ մենք՝ ես ինքս, մեր քաղաքական ուժը նվիրված է այդ տեսլականին և այդ գաղափարին: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը մեզ համար կարգախոսներ չեն, այլ արժեքների համակարգ, որոնցով մենք առաջնորդվում ենք: Այդ ամենը պետք է անել այնպես, որ պետության կառավարելիութան մակարդակը չնվազի, մյուս կողմից՝ ավելանա կառավարման արդյունավետության, հաշվետվողականության, թափանցիկության մակարդակը՚, - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Նրա համոզմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իշխանություն ձևավորելու իրենց իրավունքն այլևս երբեք ոչ ոք իրենց ձեռքից ոչ միայն չի առնի, այլև նույնիսկ փորձ չի անի, նույնիսկ եթե այդպիսի փորձ անի, միանշանակ կձախողվի: «Շնորհակալ եմ Ձեր բարի մաղթանքների համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի մեծամասնությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Համոզված եմ՝ մենք միասին, բոլորով նվիրված ենք մեր երկրի, ժողովրդի ազատ և երջանիկ ապագայի կառուցմանը՚, - ասել է Նիկոլ Փաշինյանը: