Արմինֆո.Ղազախստանում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, դա, պարզապես, սովորական ամանորյա ծեծկռտուք է` հայերի մասնակցությամբ:
Հունվարի 11-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա ասելով, Ղազախստանում հայերի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չկա, սակայն կա հատուկ վերաբերմունք կովկասցիների նկատմամբ: Փորձագետն, ընդսմին, միանգամայն կանխատեսելի է համարել ադրբեջանական մամուլի ներկաայցուցիչների արձագանքը այդ միջադեպին: Մինչդեռ Ղազախստանի կառավարության արձագանքն այդ միջադեպին Իսկանդարյանը որակել է, գործնականում, իդեալական: «Ղազախստանի իշխանությունները շատ արժանապատվորեն արձագանքեցին: Բոլոր հայտարարությունները բավականին զուսպ ու հանգիստ էին, բացի այդ, Աստանան նաև կոչ է արել չքաղաքականացնել այդ միջադեպը՚, - ընդգծել է փորձագետը:
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը նույնպես ավելի քան համարժեք է արձագանքում այդ ամենին, հաշվի առնելով փաստը, որ սպանության համար մեղադրվող տղան Հայաստանի քաղաքացի է, ում մեղավոր լինել-չլինելը կպարզի քննությունը, որը, փորձագետի համոզմամբ, նույնպես կլինի միանգամայն անաչառ:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում ծեծկռտուքի հետեւանքով մահացել էր քաղաքի 23-ամյա բնակիչ, երեք հոգի վիրվորվել էր։ Մահվան ելքով միջադեպը սոցցանցերում ապատեղեկատվություն տարածելու և ազգամիջյան պառակտում հրահրելու առիթ է դարձել, քանի որ զուտ կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպի հետ առնչություն ունեն երեք հայեր: Հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում սպանության համար կասկածվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանը հունվարի 9-ին ձերբակալվել է: