Արմինֆո.Նախարարությունների և գերատեսչությունների թվի կրճատումը հետապնդում է պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակ:
Հունվարի 10-ին կառավարության նիստում այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա ասելով, նախարարությունների թվի կրճատումը «Իմ քայլը՚ դաշինքի նախընտրական խոստումների մի մասն է: «Մենք պետական միջոցներ խնայելու նպատակ չենք հետապնդում, մեր խնդիրը նախարարությունների և գերատեսչությունների գործունեության արդյունավետության բարձրացումն է, և մենք պետք է հետևողականորեն ընթանանք այդ ճանապարհով՚, - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այդ ուղղությամբ մեծ և լուրջ աշխատանք է սպասվում: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ պետական կառույցների կրճատման առնչությամբ անցկացվել են տարբեր ձևաչափի բազմաթիվ քննարկումներ, երկու օր առաջ կառավարությունը ողջ կազմով քննարկել է այդ հարցը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, ստանալով ժողովրդի վստահության քվեն, կառավարությունն, անշուշտ, կլսի գործադիր իշխանության կառուցվածքի վերաբերյալ բոլոր կարծիքներն ու կկայացնի կաշվեկշռված որոշում:
Նա առանձին կանգ է առել Սփյուռքի նախարարության լուծարման վրա: «Ստեղծվում է տպավորություն, թե մենք խաչ ենք քաշում այդ ուղղությամբ աշխատանքի վրա, սակայն դա այդպես չէ: Սփյուռքի հետ Հայաստանի կառավարության հարաբերություններն անհրաժեշտ է բարձրացնել որակական նոր մակարդակի: Այդ առնչությամբ առաջարկություններ կան այդ հարաբերությունների մոդելի վերաբերյալ, որոնք կքննարկվեն սփյուռքյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` փոխհամաձայնության հասնելու նպատակով: Մենք այդ հարցում հետևողականորեն առաջ կընթանանք խելամիտ քայլերով՚, - ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին, մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին, քանի որ այսօր կառավարության վերջին նիստն էր նրանց մասնակցությամբ: Այսուհետև նրանք գործունեությունը կշարունակեն Ազգային ժողովում, ինչի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նրանց մաղթել է արգասաբեր օրենսդրական գործունեություն:
Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիրւ է լուծարել Մշակույթի նախարարությունը, իսկ դրա վարչությունների մի մասը միացնել Կրթության և գիտության նախարարությանը, մյուս մասը` Քաղաքաշինության կոմիտեին: Առայժմ պարզ չէ, թե ինչ կլինի Սփյուռքի նախարարության գործառույթների հետ, սակայն, ինչպես օրերս նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բոլոր նախարարությունների գործառույթներում, գործնականում, կան Սփյուռքի հետ աշխատանքի բաղադրիչներ:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Փաշինյանի խորհրդականներից մեկը հայտարարել էր պետական հատվածի շուրջ 110 աշխատակիցների կրճատելու կառավարության մտադրության մասին` այն ֆոնին, որ պետական ոլորտում աշխատում է շուրջ 160 հազար մարդ: Նախատեսվող փոփոխությունների համաձայն, Հայաստանը 17 նախարարությունների փոխարեն կունենա 12-ը։