Արմինֆո. Ցավոք սրտի, անհնար է կրկնել Վրաստանի զբոսաշրջային հաջողությունները` հենվելով հայկական արժեքների վրա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարցերի և անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Հարևան Վրաստանում զբոսաշրջության ծավալների մշտական աճը պատճառների և գործոնների մի ողջ համալիրի օրինաչափ արդյունք է. երկրի և, ինչը շատ կարևոր է, դրա արժեքների գովազդում, հաղորդակցությունների զարգացում, ազատականություն և քաղաքական ազատություններ, ավանդական վրացական հյուրընկալություն և այլն: Ընդ որում, անգամ ինձ, որպես զբոսաշրջության ոլորտի հետ անմիջական առնչություն չունեցող մարդու համար պարզ է, որ ողջ վերը թվարկվածից Հայաստանը կարող է պարծենալ, թերևս, հյուրընկալությամբ՚, - նշել է նա:
Սաֆարյանի գնահատմամբ, Հայաստանի և Արցախի քաղաքացիների ենթագիտակցության մեջ գոյություն ունեն մի շարք հոգեբանական զտիչներ և բարդույթներ հայկական հանրապետություններ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների արտաքին և բարոյական կերպարի առնչությամբ. նրանք չպետք է լինեն սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ, հարբեցողներ, փնթի արտաքին ունեցող կամ արտառոց հագուստ կրող մարդիկ:
«Համապատասխանաբար, ելնելով նման չափանիշներից, մենք չենք ցանկանում մեր երկրում տեսնել հնդիկների, արաբների, իրանցիների, ռուսների և, անգամ, եվրոպացիների ու ամերիկացիների: Այս առնչությամբ օրինաչափ հարց է առաջանում. իսկ ու՞մ ենք մենք ցանկանում տեսնել Հայաստանում և Արցախում, որտե՞ղ գտնենք այնպիսի զբոսաշրջիկներ, որոնք փող ծախսեն մեր երկրներում և, ընդ որում, համապատասխանեն բարոյականության մասին մեր պատկերացումներին՚, - ընդգծել է Սաֆարյանը, ում գնահատմամբ, Վրաստանի հաջողությունները տնտեսական և հաղորդակցային բաղադրիչից զատ պայմանավորված են նաև երկրի զբոսաշրջային ռազմավարությունում հենց վերը նշված զտիչների բացակայությամբ: Մինչդեռ հայերը, Սաֆարյանի կարծիքով, առաջվա նման ծայրահեղ փակ ազգ են` սեփական տիտղոսայնության և ինչ-որ առանձնահատկության սուր զգացումով: Այստեղից էլ առաջանում է զբոսաշրջիկների` հայկական պատկերացումներին չհամապատասխանող վարքագծի և արտաքին տեսքի հետ հաշտվելու ցանկության բացակայությունը:
«Ցանկացած զանգվածային երևույթ իր մեջ կրում է ոչ միայն շահույթ և փող, այլև աղբ և այլ անցանկալի ուղեկցող գործոններ: Մենք պետք է, վերջապես, հասկանանք դա և կողմնորոշվենք, թե ինչ ենք ուզում. զարգացնել զբոսաշրջությունը և պետությունը թե շարունակել ըմբոշխնել սեփական բացառիկությունը, գենի մաքրությունն ու այլ, շատ հնարավրո է, հիանալի, սակայն, արդի աշխարհում բոլորովին չպահանջված որակները՚, - ամփոփել է վերլուծաբանը:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի գնահատմամբ, 2018 թվականին երկիր այցելել է ռեկորդային թվով` 8,7 մլն զբոսաշարջիկ, ինչը 4,9% ավելի է, քան 2017 թվականին: Վրաստան 1,4 մլն զբոսաշրջիկ է ժամանել Ադրբեջանից, 1,4 մլն` Ռուսաստանից, 1,3 մլն` Հայաստանից: Վրաստան են այցելել նաև Թուրքիայի, Իրանի, Ուկրաինայի, Իսրայելի, Բելառուսի, ԱՄՆ քաղաքացիներ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ասելով, 2018 թվականին զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը գերազանցել է 3 մլրդ դոլարը, մինչդեռ 2017 թվականին այն չի անցել 2,7 մլրդ դոլարից: