Արմինֆո.«Այնուամենայնիվ, կարծում ենք զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը՚, - հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը:
«Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացն ելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը: Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն՚, - ընդգծել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նշենք, որ այսօր հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մասնավորապես, ընդգծել է, որ Պաշտոնական Բաքուն 2019 թվականին Երևանից ակնկալում է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերում: «Հուսով ենք, որ 2019 թվականին որոշակի տեղաշարժեր կարձանագրվեն՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առումով՚, - ասել է Մամեդյարովը: Նա վերստին հայտարարել է Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր աստիճան տրամադրելու և նրա անվտանգությունն ապահովելու Բաքվի պատրաստակամության մասին: