Արմինֆո.2018 թվին ավտորիտար չարիքը փլուզվեց, սակայն չվերացավ: Դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Սասնա Ծռեր՚ կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը: Նա նշել է, որ ավտորիտարիզմից ժողովրդավարությանն անցումը չի կարող տեղի ունենալ մեկ օրում, դա բավականին բարդ գործընթաց է:
Չուգասզյանի համոզմամբ, Հայաստանում այդ երևույթն արմատախիլ անելու համար հարկավոր է վերացնել քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Նա նաև նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի ձևավորվել բազմաբևեռ Ազգային ժողով, սակայն, նա դրական է համարել, որ ՀՀԿ-ն կորցրել է կառավարման իր լծակները:
Գարեգին Չուգասզյանը նաև հայտարարել է, որ 2018 թվականին եղան բացթողումներ, որոնց թվում նշել է ընտրությունների անցկացումը չբարեփոխված Ընտրական օրենսգրքով, ինչը մի շարք կուսակցությունների համար դժվարություններ ստեղծեց ընտրական գործընթացներին մասնակցելու առումով: Նա ևս մեկ բացթողում է համարել այն հանգամանքը, որ իշխանությունները սահմանադրական բարեփոխումներ չեն նախաձեռնել:
Անդրադառնալով ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի նշանակմանը վարչապետի խորհրդականի պշատոնում` Գարեգին Չուգասզյանը դա համարել է պետական դավաճանություն: Նա չի համաձայնել վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տոնոյանի այն կարծիքին, թե ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմն ունեցել է հետախուզական տվյալներ: «Փաստորեն, ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը բավականաչափ տեղեկություններ չի տրամադրել, իսկ բարձրագույն հրամանատարությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել հակառակորդի գրոհը կանխելու համար: Մենք ակնկալում ենք, որ այսօրվա իշխանությունները գնահատական կտան այդ ամենին, և ակնհայտ կդառնա, որ ապրիլյան պատերազմին հաջորդած իրադարձությունները` Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը և «Սասնա Ծռերի՚ ապստամբությունը փոխկապակցված էին՚, - եզրափակել է նա: