Արմինֆո. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ:
Դեսպան Ներսեսյանը կարևորել է դիտորդի կարգավիճակով Հայաստանի ներգրավումը կազմակերպության աշխատանքներին և հավելեց, որ այն նպաստավոր հարթակ է Հայաստանի և կազմակերպության անդամների միջև երկխոսություն ծավալելու համար: Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Կազմակերպության միջև հարաբերությունների զարգացման գործում Գլխավոր քարտուղարի անձնական դերակատարումը:
Լուիս Ալմագրոն շնորհավորել է դեսպան Ներսեսյանին նշանակման կապակցությամբ և հույս հայտել, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: Նա ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել մասնակցել այս տարի Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, բայց վերահաստատեց գալիք տարի Հայաստան այցելելու իր մտադրությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում` Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և Սիրիայի կրոնական փոքրամասնությունների ու հայ համայնքի խնդիրներին: