Արմինֆո. Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի։
Այսպես՝ նախատեսվում է ունենալ հետևյալ նախարարությունները՝ 1. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն; 2. առողջապահության նախարարություն; 3. արդարադատության նախարարություն; 4. արտակարգ իրավիճակների նախարարություն; 5. արտաքին գործերի նախարարություն
6. բնապահպանության նախարարություն; 7. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն; 8. պաշտպանության նախարարություն; 9. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն; 10. բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն;11. տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն; 12. ֆինանսների նախարարություն:
Ընդհանրապես հանվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը և լինելու է երկու փոխվարչապետ։
Նախագծի համաձայն՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և արդյունքում այն կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն: Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը և կոչվելու է բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն: Ըստ նախագծի՝ դադարեցվում է Սփյուռքի նախարարության գործունեությունը: