Արմինֆո. Գազի սակագնի բարձրացման մասին խոսք անգամ չի եղել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, որ իր ռուս գործընկերոջ հետ Ավինյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է գազի գնի բարձրացումը:
<Հեռախոսազրուցի ընթացքում քննարկվել է Հայաստանում գազի սակագների հետ կապված բանակցությունների ձևաչափը: Միայն բանակցություններից հետո պարզ կդառնա՝ կբարձրանա գազի գինը, թե, ընդհակառակը, կնվազի>,- ասել է Ավինյանը:
Նշենք, որ ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում, քանի որ համաձայնագիրը, որով Հայաստանը ռուսական գազ է ստանում 1000 խմ դիմաց $150 գնով, ավարտվում է
2018 թ. դեկտեմբերի 31-ին: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը լրագրողներին հայտնել է, որ քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել գազի գնի շուրջ, Հայաստանը երկնագույն վառելիք կստանա ներկայիս գնով: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը հայտարարել էր, որ ՀՀ համար ռուսական գազի գնի նվազեցման հնարավորություն կա, և ինքը մտադիր է քննարկել այդ հարցը Ռուսաստանի առաջնորդի հետ: