Արմինֆո. Լուծարման ենթակա նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցները 3 ամիս առաջ կտեղեկացվեն այդ մասին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նա նաև նշել է, որ ևս 3 ամիս այդ կառույցների աշխատակիցները կստանան աշխատավարձ: <Հետևաբար՝ նրանք կունենան վեց ամիս նոր աշխատանք գտնելու համար>,- ասել է Աղաջանյանը:
Նշենք, որ լուծարվող մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել գերատեսչությունների շենքերի մոտ` հայտարարելով անժամկետ գործադուլի մասին: Կառավարությունը մտադիր է Մշակույթի նախարարության վարչությունների մի մասը միացնել ԿԳՆ-ին, մյուս մասը` Քաղաքաշինության կոմիտեին: Սփյուռքի նախարարության գործառույթների հարցն առայժմ պարզ չէ, սակայն, ինչպես օրերս նշել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի գրեթե բոլոր նախարարությունների գործառույթներում կա Սփյուռքի հետ աշխատանքի բաղադրիչ: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Փաշինյանի խորհրդականներից մեկը հայտարարել էր պետական հատվածի շուրջ 110 հազար աշխատակցի կրճատելու կառավարության մտադրության մասին` պետական ոլորտում, ընդհանուր առմամբ, շուրջ 160 հազար աշխատակցի առկայության ֆոնին: Հավելենք, որ կառավարության կառուցվածքի բարեփոխման արդյունքում 17 նախարարության փոխարեն նախատեսվում է պահել 12-ը: