Արմինֆո. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը լիովին պաշտպանում է մշակույթի նախարարության աշխատակիցների՝ նախարարությունը չլուծարելու պահանջը:
<Հակառակը, այն պետք է դարձնել առավել արդյունավետ՝ ներկայացնելով համապարփակ հայեցակարգ՝ հայ ժողովրդի դարավոր մշակույթը և, հատկապես, ժամանակակից արվեստը և հոգևոր հարստությունը պատշաճ մակարդակով աշխարհին ներկայացնելու համար: Մեր ազգի անգնահատելի հարստությունը մտավոր սեփականությունն է, որի հիմնարար մասն են կազմում մշակույթի արժեքները: Գտնում ենք, որ ՀՀ կառավարությունը չպետք է շտապի և հանրային լայն քննարկման հարց դարձնի նորաստեղծ կառավարության համակարգը: Կոչ ենք անում մտավորականությանն իրենց դիրքորոշումը ներկայացնել որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ: ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է պահպանվի և գործի նոր թափով, նոր որակով>- նշվում կուսակցության հայտարարության մեջ:
ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին Ֆեյսբուքի իր էջում գրել է. < ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից: Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային ահռելի ժառանգություն, կամ որոնց համար, պատմության բերումով, մշակույթը նաև քաղաքական իմաստ ունի: Որևէ մեկի մտքով Հունաստանում, Իտալիայում կամ Սերբիայում չի անցնի փակել մշակնախը: Հայ-ադրբեջանական դիմակայության մեջ այս տարվա մեծագույն հարվածը մենք իրականում ստացել ենք UNESCO-ում, որտեղ մերոնց անգործության և դիլետանտիզմի պատճառով ադրբեջանցիները կարողացան գրանցել իրենց քոչարիանման պարը, այն էլ՝ երբ անցյալ տարի մեր ջանքերով քոչարին արդեն գրանցաված էր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես հայկական երևույթ: Այս պատմության ամենավտանգավոր պահ նա է, որ ադրբեջանցիները այդ պարը գրանցել են, ուշադրություն, որպես Նախիջևանի տարածաշրջանային պար: Հասկանու՞մ եք, ինչ է կատարվել: ժամանակին Սփյուռքի նախարարություն ստեղծելը երկու հիմնական նպատակ ուներ՝ 1. ԱԳՆ-ն չէր կարողանում համարժեք լինել Սփյուռքի ներուժը ամբողջությամբ օգտագործելու հրամայականին; 2. դա նաև լրջագույն ուղերձ էր արտաքին քաղաքականության մեջ, հատկապես հաշվի առնելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մարտահրավերները: Պատահական չէր, որ Ադրբեջանը մեզանից հետո նույնպես փորձում է ինստիտուցիոնալիզացնել իր աշխատանքը այդ ոլորտում: Ակնհայտ է, որ մեր այսօրվա ԱԳՆ-ն չի կարողանալու լիարժեք լուծել առկա խնդիրները: Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել: Այսօրվա իշխանությունների կողմից աջուձախ իրականացվող, կասկածելի հիմնավորմամբ և արդյունավետությամբ ճոխ ծախսերի ֆոնի վրա հազարավոր մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ>:
Նշենք, որ լուծարվող մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել գերատեսչությունների շենքերի մոտ` հայտարարելով անժամկետ գործադուլի մասին: Կառավարությունը մտադիր է Մշակույթի նախարարության վարչությունների մի մասը միացնել ԿԳՆ-ին, մյուս մասը` Քաղաքաշինության կոմիտեին: Սփյուռքի նախարարության գործառույթների հարցն առայժմ պարզ չէ, սակայն, ինչպես օրերս նշել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի գրեթե բոլոր նախարարությունների գործառույթներում կա Սփյուռքի հետ աշխատանքի բաղադրիչ: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Փաշինյանի խորհրդականներից մեկը հայտարարել էր պետական հատվածի շուրջ 110 հազար աշխատակցի կրճատելու կառավարության մտադրության մասին` պետական ոլորտում, ընդհանուր առմամբ, շուրջ 160 հազար աշխատակցի առկայության ֆոնին: Հավելենք, որ կառավարության կառուցվածքի բարեփոխման արդյունքում 17 նախարարության փոխարեն նախատեսվում է պահել 12-ը: