Արմինֆո. Նոր տրանսպորտային ցանցի ներդրման համար առնվազն 2 տարի կպահանջվի: Այդ մասին Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
<Ուզենք, թե չուզենք, ստացել ենք այս ժառանգությունը: Մենք ստացել ենք ոչ միայն վատ տրանսպորտային համակարգ, այլև՝ գրեթե քանդված տրանսպորտային համակարգը>,- հայտարարել է Մարությանը:
Նա ընդգծել է, որ քաղաքապետարանը դիմել է բրիտանական խորհրդատվական ընկերությանը. հարցերի պատասխանները կստացվեն միայն փետրվարին:
Դրանից հետո անհրաժեշտ կլինի ներգրավել մեկ այլ ընկերության՝ տեսական մասն իրական դաշտ բերելու նպատակով, այնուհետև կսկսվի ծրագրի իրականացումը: <Բացառված չէ, որ այն մեզ չգոհացնի, քանի որ բրիտանացիները հաշվի են առնում 2014 թ. ուղևորափոխադրումների ցուցանիշները, երբ նախկին քաղաքապետի կողմից այդ ընկերությանը պատվիրվել էր Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտի բարելավմանն ուղված ուսումնասիրություններ իրականացնել: Անցել է 4 տարի, և պետք է հասկանալ, թե արդյոք այդ թիվը համապատասխանում է ներկայիս թվին>,- ասել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ ժամանակին 850 հազար եվրո է տրամադրվել բրիտանական ընկերությանը՝ Հայաստանի հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված աշխատանքների համար:
Անդրադառնալով աղբահանության հարցին՝ Մարությանը հայտարարել է, որ <Սանիտեք> ընկերությունն ուղակի չի հասցնում կատարել աշխատանքները: Դրանում նա մեղադրել է նախկին իշխանություններին, որոնք նման կարևոր և մասշտաբային աշխատանքը թողել են մեկ օպերատորի վրա: Մարությանի խոսքով, անհրաժեշտ է ներգրավել երկրորդ օպերատորին, և այդ ուղղությամբ աշխատանքեր տարվում են: