Արմինֆո. Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը և չի կարող այն վերադարձնել՝ այդպիսով կորցնելով իր ազդեցությունն այդ կազմակերպությունում: Այդ մասին դեկտեմբերի 21-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նշել է, որ Բելառուսի կողմից գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված թեկնածու Ստանիսլավ Զասն արդեն հանդիպումներ է անցկացրել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ, արժանացել նրանց աջակցությանը, և հարցն այսօր այն է, թե արդյոք Հայաստանը կօգտվի վետոյի իր իրավունքից, որպեսզի խոչընդոտի Զասի թեկնածության հաստատմանը: <Իսկ նման որոշում կլինի, և նույնիսկ կասկած չունեմ դրանում>,- ընդգծել է քաղաքագետը՝ չբացառելով նաև այն, որ Ռուսաստանի կողմից գլխավոր քարտուղարի ներկայիս պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը կշարունակի կատարել իր վրա դրված պարտավորությունները մինչև 2020 թվականը: <Կամ Սեմերիկովը կշարունակի իր առաքելությունը, կամ պաշտոնը կփոխանցվի Բելառուսին, բայց Հայաստանի ներկայացուցիչ հաստատ չի նշանակվի>,- ասել է նա: