Արմինֆո.Լուծարվող մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում գերատեսչությունների շենքերի մոտ` հայտարարելով անժամկետ գործադուլի մասին:
Նրանք բողոքում են տվյալ գերատեսչությունները պետական այլ կառույցների հետ միավորելու կառավարության որոշման դեմ, ինչի հետևանքով աշխատակիցների զգալի մասը կդառնա գործազուրկ: Ակցիայի մասնակիցների ասելով, եթե պետական ապարատն ուռճացված է, ապա թող փորձեն հարցը լուծել օպտիմալացման ճանապարհով: Նախարարությունների աշխատակիցները սխալ են համարում գերատեսչությունների լուծարման որոշումը, ընդգծելով, որ նման որոշում կայացներիս իրենց կարծիքը հաշվի չի առնվել: Մասնավորապես, Սփյուռքի նախարարության աշխատակիցները նշել են, որ իշխանությունները չեն խորհրդակցել նաև սփյուռքի հետ:
Հավելենք, որ կառավարությունը մտադիր է Մշակույթի նախարարության վարչությունների մի մասը միացնել ԿԳՆ-ին, մյուս մասը` Քաղաքաշինության կոմիտեին: Սփյուռքի նախարարության գործառույթների հարցն առայժմ պարզ չէ, սակայն, ինչպես օրերս նշել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի գրեթե բոլոր նախարարությունների գործառույթներում կա Սփյուռքի հետ աշխատանքի բաղադրիչ:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Փաշինյանի խորհրդականներից մեկը հայտարարել էր պետական հատվածի շուրջ 110 հազար աշխատակցի կրճատելու կառավարության մտադրության մասին` պետական ոլորտում, ընդհանուր առմամբ, շուրջ 160 հազար աշխատակցի առկայության ֆոնին: Հավելենք, որ կառավարության կառուցվածքի բարեփոխման արդյունքում 17 նախարարության փոխարեն նախատեսվում է պահել 12-ը: