Արմինֆո.Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը կշարունակվի, Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին նվիրված նիստի ժամանակ իր ելույթում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վանեցյանի խոսքով, հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ թվով պետական մարմիններում կոռուպցիան բրգաձև է եղել: <Կոռուպցիան հյուծում է պետության անվտանգությունը, բացասաբար է անդրադառնում պետական մարմինների գործունեության, երկրի իմիջի վրա>,- հայտարարել է նա:
Ինչպես նշել է ԱԱԾ տնօրենը, ծառայության վարույթում գտնվող նման 30 գործերով ստացված ապացույցների համաձայն՝ նախնական տեղեկություններով պետությանը հասցվել է ավելի քան 20 մլրդ դրամի վնաս: Այս միջոցների զգալի մասը վերականգնվել է: Սակայն, նրա խոսքով, հիմքեր կան ենթադրելու, որ թվերը կարող են աճել. ստուգվում է 250 մլրդ դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը: ,Չափազանցություն չի լինի ասել, որ կոռուպցիային պատերազմ է հայտարարվել, և մենք որոշակի հաջողությունների ենք հասել>- ընդգծել է ԱԱԾ տնօրենը: