Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խումբը դիմել է պետքարտուղար Մայքլ Փոմփեոյին` կոչ անելով աշխուժացնել Հայաստանի հետ կարճաժամկետ և երկարաժամկետ տնտեսական նախագծերը` վերջին ժամանակներս հանրապետությունում նախանշվող ժողովրդավարական բարեփոխումների և երկրում անցկացված ազատ և արդար ընտրությունների ֆոնին: Այդ մասին հաղորդել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:
Կոնգրեսականների նամակում, մասնավորապես, ասվում է, որ ժամանակն է նոր մակարդակի հասցնել Հայաստանի հետ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և պաշտպանական ոլորտներում` հաշվի առնելով երկրում նախանշվող ժողովրդավարական առաջընթացը: Կոնգրեսականները կարծում են, որ անհրաժեշտ է մշակել և իրագործել նպատակային կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր: Կոնգրեսականները , մասնավորապես, կոչ են արել առաջնահերթ ուշադրություն դարձնել հասունացած հարկային պայմանագրին, սոցապահովմման շուրջ համաձայնագրին, առանց մաքսատուրքի մթերքների ցանկին, Լոս Անջելես – Երևան ուղիղ ավիահաղորդակցության հաստատմանը, առևտրային ներկայացուցչությունների բացմանն ու այլ նախաձեռնությունների:
Կոնգրեսականները նաև կոչ են արել սատարել երկրում ծավալված հակակոռուպցիոն պայքարը, աջակցել ԶԼՄ-ների ազատության ապահովմանը, ինչը թույլ կտա դրսևորել վարչակազմի հավատարմությունը ժողովրդավարության լրացուցիչ ֆինանսավորման երկամյա ծրագրին: Կոնգրեսականները նաև հիշեցրել են, որ Հայաստանը շրջափակման մեջ է, և այդ համատեքստում կոչ են արել երկրին աջակցել փախստականների ընդունման հարցում: Կոչ է արվում նաև ընդլայնել հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրին Հայաստանի մասնակցության ֆոնին:
Հավելենք, որ ԱՄՆ-Հայաստան խմբի հաջորդ նիստը տեղի է ունենալու 2019 թվականի առաջին եռամսյակում: