Արմինֆո. Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը քաջություն կգտնի դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը, ինքնուրույն որոշումներ կկայացնի: «ՌԻԱ Նովոստիին՚ տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
Հոկտեմբերին Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, նշել էր, որ «ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է», և Երևանին խորհուրդ էր տվել ձերբազատվել պատմական կարծրատիպերից իր միջազգային հարաբերություններում:
«Այս տարի Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին երկրի ներքին և արտաքին քաղաքական գործերին Վաշինգտոնի միջամտությունն ավելի ու ավելի հանդուգն է դառնում»,- ասել է Կարասինը: Ռուսաստանցի դիվանագետի ասելով, վիրավորական է հայ ժողովրդի պատմական փորձի «պատմական կարծատիպ՚ որակումը Բոլթոնի կողմից: «Եթե այդպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի «ձեռքերի ոլորում՚ է տեղի ունենում կուլիսների հետևում՚, - նշել է Կարասինը:
«Հույս ունենք, որ Հայաստանի ներկա ղեկավարությունը, անհրաժեշտ մանդատ ստանալով խորհրդարանական ընտրություններում, քաջություն կգտնի դիմակայելու անթաքույց արտաքին շանտաժին և ճնշմանը, կպնդի ինքնուրույն որոշումներ կայացնելու իր ինքնիշխան իրավունքը՝ առաջնորդվելով ազգային շահերով»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը: