Արմինֆո. Հաագայի բողոքական եկեղեցում, որտեղ ավելի քան վեց շաբաթ շուրօրյա պատարագ մատուցելով փորձում են կանխել փախստական հայ ընտանիքի արտաքսումը, Սուրբ ծննդյան հրաշքի են սպասում: Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, հոկտեմբերի վերջից Թամրազյանների ընտանիքը պատսպարվում է եկեղեցում, քանի որ Նիդերլանդների օրենսդրությունն արգելում է իրավապահներին գործողություններ իրականացնել այն վայրերում, որտեղ տեղի է ունենում կրոնական ծես:
Նիդերլանդների տարբեր շրջաններից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից Հաագա են ժամանել հոգևորականներ, որոնք իրար փոխարինելով եկեղեցու խորանի մոտ՝ շարունակում են շուրջօրյա պատարագը:
Ընտանիքի հայրը՝ Սասունը, կնոջ և երեք երեխաների հետ Հայաստանից Նիդերլանդներ է տեղափոխվել 2008 թվականին՝ քաղաքական հետապնդումից խուսափելու նպատակով: Հիմա Նիդերլանդների իշխանությունը պնդում է, որ Հայաստանն անվտանգ երկիր է, և Թամրազյանները կարող են անարգել հայրենիք վերադառնալ: