Արմինֆո.2018թ․ հոկտեմբերին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) աշխատակազմը դրամահավաք էր նախաձեռնել` օգնելու Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքների բնակիչներին հաղթահարել գալիք ձմեռվա դժվարությունները։
Համայնքներն ընտրվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ խորհրդակցության արդյունքում՝ հաշվի առնելով ձմեռային ամիսների խստաշունչ կլիմայական պայմաններն ու համայնքների բնակիչների սոցիալական վիճակը։ Ծրագրի իրականացման գործընկերն էր Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF), որն HSBC Հայաստանի հետ այս և մի շարք այլ ծրագրերի շրջանակներում համագործակցության հաջողված փորձ ունի։
HSBC Հայաստանի աշխատակիցները դրամահավաքի կազմակերպման ընթացքում բավականին ստեղծագործ մոտեցում են ցուցաբերել՝ գործընթացը դարձնելով առավել մտածված և հետաքրքիր։ HSBC Հայաստանի ողջ աշխատակազմը դրամահավաքը կազմակերպեց մի շարք միջոցառումների միջոցով՝ սկսած սվիտերներ և շարֆեր գործելուց, զարդեր և տնական թխվածք պատրաստելուց և դրանք միմյանց վաճառելուց մինչև բանկի գրասենյակներից մեկի բակում վճարովի ավտոլվացում կազմակերպելը։ Միջոցառումների արդյունքում հաջողվեց հավաքել 2 միլիոն ՀՀ դրամ, որն առավել քան կրկնապատկվեց HSBC Հայաստանի կողմից։
Հավաքված դրամական միջոցներն ուղղվեցին վառելիքի՝ փայտի թեփի, ծղոտի և փայտե տաշեղներից պատրաստված բրիկետների ձեռքբերմանը։ Վառելիքի տրամադրման արդյունքում թիրախային համայնքների թվով 30 ընտանիք հնարավորություն ստացավ ամբողջ ձմեռն անցկացնելու տաք տնային պայմաններում։
Ավելին, համայնքի 59 փոքրիկ բնակիչներին գեղեցիկ անակնկալ մատուցելու նպատակով HSBC Հայաստանը նրանց համար ձեռք է բերել տաք ձմեռային հագուստ՝ ներառյալ վերարկուներ, շարֆեր, գլխարկներ, ձեռնոցներ և ձմեռային կոշիկներ։