Արմինֆո.Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում հազիվ թե արմատական փոփոխություններ լինեն: Կարծում եմ՝ դրանք կմնան նույն մակարդակի վրա, ինչ Հայաստանում իշխանափոխությունից հետո: Այդ մասին դեկտեմբերի 10-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասագետների գիտական հանրության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
Նա նշել է, որ երկրում իշխանափոխությունը հանգեցրել է նոր հնարավորությունների առաջացման, բայց առկա են նաև որոշակի խնդիրներ: <Ապրիլից մինչև մայիս տեղի ունեցած իրադարձություններից հետո շատերի մոտ մտավախություն կար, որ դա հերթական գունավոր հեղափոխություն է, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ մեկնաբանությունը ճիշտ չէ: Այսօր հիմնական հարցերից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, ինչպես նաև այդ կառույցում համագործակցությունը: Այդ հարցերը լուծումներ են պահանջում, չէ որ եթե կազմակերպութունը չկարողանա լուծել իր անդամների միջև խնդիրները, այն, ըստ էության, անիմաստ կդառնա>,-ընդգծել է փորձագետը:
Անդրադառնալով Թրամփի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդականի հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն ունի վստահության բարձր մակարդակը և կկարողանա մոտ ժամանակներս լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ Կռիլովը հայտարարել է. <Հազիվ թե վարչապետի պաշտոնակատարը օգտագործի իր վարկանիշը՝ ընդունելու որևէ որոշում, որը կհակասի Ղարաբաղի և Հայաստանի շահերին: Դա հավասարազոր կլինի քաղաքական ինքնասպանության: Այդ հարցի լուծման հնարավորությունները մի քանիսն են՝ ռազմական ճանապարհով, երկու հասարակություններին ատելության մակարդակի նվազմանը պատրաստման ճանապարհով, երրորդ տարբերակը, որին ձգտում է հասնել ԱՄՆ-ը, տարածաշրջանում, այսպես կոչված, երրորդ խաղացողի ներմուծումն է, որը կթելադրի կողմերին իրենց իսկ վարքագիծը: Նման հեռանկարը Հայաստանի շահերից չի բխում: Կարծում եմ, եթե Հայաստանի ղեկավարությունը հետևողականորեն պաշտպանի իր շահերը, կկարողանա չեզոքացնել այդ հարցում ամերիկացիների ճնշումը: Չեմ կարծում, որ մոտ ժամանակներս իրավիճակը կտրուկ կփոխվի, քանի որ երկու կողմերի քաղաքական դիրքորոշումը չի փոխվել>,- ասել է Կռիլովը:
ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևն իր հերթին նշել է, որ հեղափոխությունից հետո բարձր մակարդակով մի քանի հանդիպում է տեղի ունեցել Մոսկվայում, տեղի են ունեցել հանդիպումներ երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների միջև, ինչը հաստատում է երկու երկրների միջև համագործակցության զարգացումը: Նա նշել է, որ չնայած այն բանին, որ Հայաստանի և Ռուսաստանի շահերը շատ բաներում համընկնում են, որոշ հարցերում տարբերվում են: <Օրինակ՝ Ռուսաստանը չի կարող չեղարկել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ելնելով իր շահերից: Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ այդ երկրների հարաբերությունները կզարգանան՝ Հայաստնի հետ Ռուսաստանի համագործակցույան հաշվին>,- եզրափակել է Արեշևը: