Արմինֆո. ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցել են ազատ պայմաններում և վայելել ժողովրդի լայն վստահությունը: Այդ մասին դեկտեմբերի 10-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Պետեր Օսուսկին:
Նրա խոսքով, նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի համար ապահովվել են հավասար պայմաններ հեռուստաբանավեճեր և առցանց բանավեճեր անցկացնելու համար: Շատ դիտորդներ, ինչպես նշել է Օսուսկին, իրենց երկրում նման բանավեճեր տեսնելու ցանկություն են հայտնել:
Պետեր Օսուսկիի խոսքով, նախընտրական արշավի ընթացքում և քվեարկության ժամանակ ընտրակաշառքի դեպքեր չեն արձանագրվել: Ճնշում չի եղել նաև ընտրողների վրա: <Բոլոր գործընթացները տեղի են ունեցել՝ ՀՀ ԸՕ համաձայն>,- ընդգծել է նա:
Այնուամենայնիվ, ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին մտահոգում է ընտրությունների ֆինանսավորման կարգը, որն անհավասար պայմաններ է ստեղծում գործընթացի մասնակիցների համար:
Ընդհանուր առմմաբ, ինչպես նշել է առաքելության ներկայացուցիչը, ընտրական շրջանում Հայաստանում հաջողվել է ձևավորել դրական էներգետիկա: <Հայաստանի կառավարությանն անհրաժեշտ է պահպանել այդ էներգետիկան և հետագայում օգտագործել այն՝ բարեփոխումների անցկացման և ժողովրդավարական գործընթացի ապահովման համար>,- հայտարարել է Պետեր Օսուսկին: