Արմինֆո.ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ այսօրվա խորհրդարանական ընտրությունները բացառիկ են բոլոր իամստներով: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է Առինջի թիվ 29/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո: Այդուհանդերձ, Ծառուկյանը դժգոհ է նախընտրական բանավեճից:
Նրա ասելով, ընտրողն ակնկալում էր առարկայական քննարկում, ոչ թե այն լիրիկան, որն իրեն մատուցեցին: «Հայաստանի քաղաքացիները ցանկանում էին լսել երկրի զարգացման վերաբերյալ ծրագրային ելույթներ, այլ ոչ այն, թե ինչպես են քաղաքական ուժերը միմյանց վրա ցեխ շպրտում՚, - հավելել է նա:
Ինչպես նշել է ԲՀԿ առաջնորդը, իր գլխավորած կուսակցությունը երբեք ընտրակաշառք չի բաժանել և չի պատրաստվում բաժանել: Այդ համատեքստում, ինչպես կարծում է Ծառուկյանը, ճիշտ է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր փորձում են քաղաքական շահաբաժիններ ստանալ ընդդիմախոսներին անհիմն սևացնելու հաշվին: