Արմինֆո. Տարիներ շարունակ շատերը հասարակայնությանը ներշնչել են, թե «իրենց դեմ խաղ չկա՚, իսկ այժմ բոլոր ուժերով թաքնվելու տեղ են փնտրում: Դեկտեմբերի 4-ին Աշտարակում քարոզարշավի ընթացքում այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը՚ դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Ու այսօր Ազգային ժողովում քննարկվում էր կամ պիտի քննարկվեր 3-րդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն քրեական գործի հետ կապված հարց` պատգամավոր Արամ Հարությանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը՚, - ընդգծել է Փաշինյանը, հավելելով, որ Ազգային ժողովում քվորում չկա: «Դրա համար էլ մենք էդ Ազգային ժողովը ցրեցինք», - հայտարարել է Փաշինյանը, նշելով, որ դեկտեմբերի 9-ին նոր խորհրդարանը կընտրվի, Արամ Հարությունյանը պատգամավորական անձեռմխելիությունից կզրկվի, և քրեական գործն իր բնական հունով կընթանա։
«Կառավարությունը ունի բոլոր լծակները դատական համակարգում նույնպես հեղափոխություն անելու համար, քանի որ Հայաստանի դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները, այդ դատավորներին էլ հատ-հատ պատասխանատվության ենք ենթարկելու մարդկանց ապօրինի բանտերը լցնելու համար: Այժմ ՄԻԵԴ-ն սկսել է Մարտի 1-ի գործով վճիռներ կայացնել, տասնյակ վճիռներ, էդ դատավորներին թվում է՝ մարսելո՞ւ են», - հարց է տվել Փաշինյանը, հավելելով, որ նման մուտանտների տեղը բանտում է, և ամեն չինովնիկ, որը իր մանդատը կօգտագործի անձնական նպատակների համար, խիստ պատժի կարժանանա։
Նա անդրադարձել է նաև ՀՀԿ այն հայտարարություններին, թե դատի կտան առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին ՀՀԿ-ին «թալանչիների բանդա» անվանելու համար: «Ասում են` մեզ դատի են տալու, որ ասել ենք՝ ՀՀԿ-ն «թալանչիների բանդա» է, դե հեսա կտեսնենք, ով ում դատի կտա»,- եզրափակել է Փաշինյանը։