Արմինֆո. Քաղաքականությունը, որը վարում են գործող իշխանությունները, հիմնված է իշխանություն Արցախի փոխարեն սկզբունքի վրա: Այդ մասին դեկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը:
Նա նշել է, որ հեղափոխությունից մի քանի ամիս անց նոր իշխանությունների կողմից մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, շատերին թվում էր, որ դա նոր իշխանությունների անփորձության հետևանք է, սակայն, նրա կարծիքով, իրականում դա հակաարցախյան քաղաքականության դրսևորումներից մեկն էր: <Սակայն, դեռ այն ժամանակ ինձ համար ակնհայտ էր, որ դա նոր իշխանությունների հերթական քաղաքական քայլն է: Արդյունքը, սակայն, ցավալի էր, մենք կորցրեցինք այդ պաշտոնը>,- ընդգծել է Շահնազարյանը:
Պատգամավորի թեկնածուն նշել է նաև, որ իրավիճակում, երբ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Հայաստանի կողմից նման քայլը չմտածված է: <Բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպաշտպանի այդ պաշտոնի համար իր իրավունքները, կեղծիք են>,- հավաստիացրել է Շահնազարյանը:
Ներկայիս իշխանությունների քաղաքականության ևս մեկ ձախողում է Շահնազարյանը համարել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում՝ ղարաբաղյան հակամարտության գոտում վստահության միջոցների ներդրման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման և գերիների փոխանակման շուրջ ձեռքբերված պայմանավարվածությունների դուրս մղումը բանակցությունների օրակարգից: <Այդ օրակարգի կորուստը հայկական կողմի լուրջ ձախողումն է>,- ընդգծել է պատգամավորի թեկնածուն:
Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Արցախի շուրջ իշխանությունների դիրքորոշումը հետևյալն էր՝ կարգավիճակ տարածքների դիմաց: <Այսինքն՝ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որտեղ բոլոր հարցերը պետք է ամրագրված լինեին, այդ թվում՝ անվտանգության հարցերը:
Իսկ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբելայի նստաշրջանում հայտարարեց, որ իր համար կարևոր է ԼՂՀ կարգավիճակը և անվտանգությունը։
Երբ տարանջատում ենք այդ երկու հասկացությունները /կարգավիճակ և անվտանգություն-խմբ./, նշանակում է կարգավիճակից բացի կարող են լինել ինչ–որ այլ անվտանգության երաշխիքներ: Դա ևս նոր իշխանությունների ձախողումներից մեկն է>,- նշել է քաղաքական գործիչը:
<Նախկին իշխանությունների կողմից ԵՄ–ի հետ ստորագրվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր, որում ամրագրված էին Հելսինկյան սկզբունքները՝ ուժի չգործադրում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Նման համաձայնագիր պետք է ստորագրվեր Ադրբեջանի հետ, բայց վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթում ամրագրված են Բաքվին ձեռնտու ձևակերպումներ: Նախկին ձևակերպումներից Եվրամիության նման նահանջը վկայում է հայկական դիվանագիտության եվրոպական ուղղության ձախողման մասին, սակայն դեռ ուշ չէ փորձել միջամտել և շտկել ստեղծված իրավիճակը: Բայց կասկածում եմ, որ ներկայիս իշխանությունները ցանկանում են դա>, եզրափաեկ է ՀՀԿ-ի պատգամավորի թեկնածուն: