Արմինֆո.Քաղաքական ուժերը շարունակում են ներկայացնել իրենց քարոզչական ծրագիրը և համոզել քաղաքացիներին ձայն տալ իրենց:
<Ես խոսել եմ իմ նախընտրական թիմի անդամների հետ և խնդրել նրանց՝ հատկապես Նաիրա Զոհրաբյանին, կոռեկտ լինել և չվիրավորել մյուս քաղաքական գործիչներին>: Այդ մասին նոյեմբերի 29-ին Սիսիանում քարոզարշավի ընթացքում հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: <Բնականաբար, միայն բարեգործությամբ դժվար է փոփոխությունների հասնել երկրում: Բայց կարծում եմ, որ անհնար ոչինչ չկա, կարևորն արդյունավետ ծրագիր կազմելն է և հետևողականորեն այն իրականացնելը>,- ընդգծել է Ծառուկյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանում բանկային համակարգ, որպես այդպիսին, չկա, լոմբարդային համակարգ է: <Եթե մարդը վարկ է ուզում, պետք է գրավ դնի կամ ոսկեղեն կամ անշարժ գույք: Եթե անշարժ գույքի գինը 10 հազար դոլար է, ստանում ես ընդամենը 3 հազար դոլարի վարկ, տոկոսն էլ դնում են 10-12-14 տոկոս: Եթե մարդը վարկը վերցրել է, տարեկան շահույթը պետք է լինի 5-6 տոկոս, տարեկան 12 տոկոս ո՞նց է փակելու: Ստացվում է, որ եթե վարկ ես վերցնում, կորցնում ես գույքդ>,- ասել է Ծառուկյանը:
Քաղաքագետ Արա Պապյանը <Սասնա ծռեր> կուսակցության նախընտրական արշավի ընթացքում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող կոշտ լինել Արցախի հարցում, իսկ <Սասնա ծռերի> ներկայացուցիչները կարող են: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի խորհրդարան, որում կլինեն ուժեր, որոնք կկարողանան հակակշիռ լինել իշխանությանը և մատնացույց անել իշխանություններին նրանց սխալները:
ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը նշել է, որ չի կարող լռել անվտանգության հետ կապված հարցերի առնչությամբ: Նրա խոսքով, իշխանության ներկայացուցիչները նշում են, որ զինվորները ներքնազգեստ, պատշաճ սնունդ չունեն, և այդպիսով ընդունում, որ թուլացած բանակ ունենք:
<Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ> կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը նախօրեին իր նախընտրական ծրագիրն է ներկայացրել Վանաձորում: Նա նշել է, որ երկրի զարգացման համար անհրաժեշտ է հավասարակշռված խորհրդարան, որում ներկայացված կլինեն տարբեր քաղաքական ուժեր: Նա նաև նշել է, որ իր գլխավորած կուսակցությունն այլընտրանք է, բայց ոչ ընդդիմություն:
<Օրինաց երկիր> կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ներդնել բժշկական ապահովագրության համակարգ: Նա նաև հայտարարել է, որ պետք է հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից և ներդնել մայրական կապիտալի ինստիտուտ: