Արմինֆո. ՀՀ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը Բրյուսելում մասնակցել են ԵՄ արևելյան գործընկերության՝ օրենքի գերակայության հարթակի հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հարթակի շրջանակներում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության աջակցության հիմնախնդիրները: Մասնավորապես՝ քննարկվել են պետական մարմինների համակարգում դատախազության տեղին և դերին, դատախազության անկախության և հաշվետվողականության երաշխավորմանը, դատախազների նշանակման և առաջխաղացման թափանցիկությանը վերաբերող հարցեր:
Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է իրականացված սահմանադրական փոփոխությունների և «Դատախազության մասինե ՀՀ նոր օրենքի համատեքստում դատախազության առկա իրավական կարգավիճակը, դրա հստակեցմանն ուղղված բարեփոխումների ընթացքը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ իրականացված բարեփոխումները կանխորոշել են Հայաստանում դատախազության զարգացման ուղիները, դրել համակարգային անկախության, հաշվետվողականության ամրապնդման ամուր հիմքեր:
ԵՄ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետայսու ևս շարունակել դատախազության շարունակական բարեփոխումներին ուղղված համագործակցությունը: