Արմինֆո.«Ասպարեզ՚ լրագրողական ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ առաջիկա ընտրությունների արդյունքը կանխորոշված է հեղափոխական ալիքով: «Դժբախտաբար, հարկ չկա ակնկալելու որակյալ գաղափարական բանավեճեր մեր երկրում առկա խնդրահարույց հարցերի շուրջ՚, - հայտարարել է նա նոյեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսում:
Լևոն Բարսեղյանի ասելով, տվյալ փուլում հետհեղափոխական էյֆորիան թույլ չի տա բազմակարծություն ծավալել արդյունավետ գաղափարների շուրջ, և քանի որ նոր իշխանությունը չհասցրեց ընդունել նոր Ընտրական օրենսգիրք, նոր խորհրդարանում չեն լինի այն քաղաքական հակակշիռները, որոնք այնտեղ կցանկանար տեսնել Լևոն Բարսեղյանը:
Ինչպես կարծում է «Թրանփարենսի ինթըրնեշնլ՚ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Հայաստանը ձգձգում է բազմակուսակցական համակարգի կայացումը, ինչն այսօր անհանգստացնող փաստ է:
Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում՚ ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանն, իր հերթին, նշել է, որ ընտրական օրենսդրության վերանայման նպատակներից մեկն էլ երկրում քաղաքական բազմակարծության զարգացումն էր, քանի որ հենց զարգացած բազմակուսակցական համակարգ ունեցող երկրում է, որ ֆինանսական ռեսուրսներ չունեցող ընդդիմությունը, որը, սակայն, ունի օգտակար գիտելիքների իրական պաշար, ի զորու է քաղաքացիական հասարակության հետ համատեղ դառնալ գործող իշխանության հակակշիռը: Այդուհանդերձ, ինչպես կարծում է Իոանիսյանը, այդ համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ էր ընդունել նոր սահմանադրություն, ԸՕ, կուսակցությունների մասին նոր օրենք, իսկ պետությունը նյութապես պետք է խրախուսի քաղաքական կուսակցությունների գործունեությունը: Դանիել Իոանիսյանն այն տեսակետի կողմնակիցն է, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանը չպետք է գործի օրենքով սահմանված 5 տարի: Նրա համոզմամբ, հակակշիռներից զուրկ խորհդրարանը պետք է ապահովի ժողովրդավարության մեխանիզմների` սահմանադրության, համապատասխան իրավանորմատիվային ակտերի լիարժեք ներդրում, ինչի համար 3-4 տարին էլ բավական է: