Արմինֆո.Երևանում ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր ասամբելայի 52-րդ նիստը նշանավորվել է սկանդալով:
Ողջույնի խոսքից հետո ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարել է բոլոր ազգային պատվիրակություններին կազմակերպության 25-ամյակի առիթով պարգևատրելու մասին, սակայն 4 պատվիրակություն՝ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի, հրաժարվել են մեդալներից: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը հայտարարել է, որ վերջերս է զբաղեցրել այդ պաշտոնը, այդ պատճառով չի կարող ընդոնել այդ պատվավոր պարգևը: <Ուզում եմ նշել, որ դա ոչ մի կերպ քաղաքականության հետ կապված չէ: Ընդհակառակը, մեզ Երևանում շատ լավ են ընդունում, և վստահ եմ, որ ՍԾՏՀ ԽՎ հաջորդ նիստը, որը հավանաբար տեղի կունենա Ադրբեջանում, մենք նույնպես կկարողանանք լավ ընդունել հայկական պատվիրակությանը>,- նշել է Գուլիևը:
Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչը, քանի որ պատվիրակության ղեկավարը բացակայում էր, հայտարարել է, որ վերջինս հրաժարվում է և խնդրում չքննարկել այդ հարցը: Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ ընդամենը ղեկավարի պաշտոնակատար է և պատիվ չունի ընդունելու այդ մեդալը: Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Չուբարովը նույնպես Երևան չէր ժամանել և խնդրել է հետաձգել մեդալի հանձնումը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ պարգևը վերաբերում է ոչ միայն ղեկավարներին, այլև պատվիրակություններին, որոնք քառորդ դար ազնվորեն աշխատել են: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը նշել է, որ չարժե դրանից ողբերգություն սարքել, առավել ևս, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը դեռևս չի հաստատվել այդ պաշտոնում: Նրա խոսքով, նրանք, ովքեր չեն ստացել մեդալները Երևանում, կկարողանան ստանալ դրանք Բաքվում կայանալիք նիստերի ժամանակ: Լրագրողների հետ զրույցում Բաբլոյանը կոչ է արել չքաղաքականացնել այդ հարցը, քանի որ ՍԾՏՀ ԽՎ-ն քաղաքական կազմակերպություն չէ: