Արմինֆո.<Իմ քայլը> դաշինքն առաջիկա ընտրություններում ավելի շատ ձայն կստանա, քան կանխատեսում են <Գելլափ Ինթերնեյշնլի> սոցհարցման արդյունքները (68,3%): Այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:
Նրա խոսքով, ընտրությունների արդյունքների կանխատեսելիության պատճառով՝ մասնակցության աստիճանը, ըստ երևույթին, բարձր չի լինի: <Չկողմնորոշված ընտրազանգվածը, ամենայն հավանականությամբ, չի գնա ընտրություններին, իսկ կառավարող դաշինքի կայուն ընտրազանգվածը կապահովի մասնակցություն, ինչի արդյունքում մյուս ուժերի նկատմմաբ վերջինիս առավելությունը կանխատեսելից ավելի մեծ կլինի>,- պարզաբանել է Լեպյոխինը: Երկրորդ տեղում, ըստ նրա կանխատեսման, կլինի <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունը, բայց շատ ավելի քիչ ձայնով, քան 2017 թվականին (<Գելլափի> համաձայն՝ ԲՀԿ-ն կստանա 6,7%-խմբ.): Երրորդ ուժը, որը կանցնի խորհրդարանը, փորձագետի կարծիքով, կարող է լինել Հանրապետական կուսակցությունը՝ չնայած այն բանին, որ <Գելլափը> վերջինիս համար կանխատեսել էր 1,5%: <Սակայն, ՀՀԿ-ն այս անգամ շատ անորոշ է ներկայացնում իր արտաքին քաղաքական կողմնորոշումները: Օրինակ՝ կուսակցության ցուցակում երրորդ համար, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի դիրքորոշումը Ղրիմի հարցում /նա գտնում է, որ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը/ ՀՀԿ ընդհանուր դիրքորոշման հետ չի համընկնում>,- նշել է Լեպյոխինը:
Նա չի բացառել նաև <Սասնա ծռեր> կուակցության մուտքը խորհրդարան
/<Գելափի> կանխատեսմամբ՝ կուսակցությունը 0,9% կստանա-խմբ./, ինչը փորձագետի մոտ որոշակի մտահոգություն է հարուցում՝ վերջինիս գործողությունների մեթոդների արմատականության, խիստ հակառուսական տրամադրվածության և բացառապես արևմտամետ արտաքին քաղաքական վեկտորի առումով:
Միաժամանակ փորձագետը դրական միտումներ է տեսնում Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացներում: Նրա խոսքով, այն, որ Հայաստանում նախընտրական արշավը մեկնարկել է ժողովրդավարական պայմաններում, կասկած չի հարուցում: Ըստ որում, նա ընդգծել է հետընտրական գործընթացների կարևորությունը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ ակնկալել հարյուրտոկոսանոց ժողովրդավարություն արտահերթ գործընթացներում, այնուամենայնիվ, չենք կարող: <Եվ այստեղ մի քանի խնդիր կա. առաջինը՝ ընտրություններում իրական ընդդիմության բացակայությունը՝ ի դեմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երկրորդ՝ ձախ դաշտի վակուումը, այսինքն՝ ձախ հատվածն ընտրություններում գործնականում ներկայացված չէ: Իհարկե, ՀՅԴ-ն փորձում է ներկայանալ՝ որպես սոցիալիստական ուժ, բայց այն, այնուամենայնիվ, ազգայնական է: Այսինքն՝ կարելի է փաստել, որ ընտրություններին մասնակցում են միայն աջ ուժեր՝ չափավորներից մինչև արմատական ազգայնականներ: Բացի այդ, ընտրություններին մասնակցող ուժերը գործնականում չեն ներկայացրել Ռուսաստանի հետ և եվրասիական տարածությունում հարաբերությունների իրենց տեսլականը: Թերություն է նաև երկրի զարգացման հստակ տնտեսական ծրագրի բացակայությունը կառավարող ուժի մոտ>,- հայտարարել է փորձագետը: