Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակի առթիվ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է պատկերասրահի որմնանկարների դահլիճում բացված ցուցահանդես, որտեղ ներկայացված են 1994 թ. առ այսօր ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամներն ու թղթադրամները, այդ թվում նաև՝ 2018թ. թողարկման ՀՀ երրորդ սերնդի թղթադրամները: Այնուհետև տեղի է ունեցել «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշի մարման արարողություն: Նամականիշը մարել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Այն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք և տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30000 տպաքանակով:
Ինչպես արդեն հաղորդվել է, 2018 թ. նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները: Սահմանվել է, որ տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 և 2012 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2001 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Նախկին թողարկման թղթադրամները դուրս կգան շրջանառությունից բնական մաշվածությամբ։ Հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ են դրվելու 2018 թ. դեկտեմբերի 25-ից:
Հիշեցնենք, որ 1993 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը` դրամը: Այս 25 տարվա ընթացքում ինչպես բանկային համակարգը, այնպես էլ հայկական դրամը կարողացել են անցնել փորձություններով լի ողջ ճանապարհը եւ ստեղծել արժանի պատմություն: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մարտահրավերների է բախվել նորանկախ Հայաստանը: Այն ժամանակ Կենտրոնական բանկում նոր էին ձեւավորում դրամավարկային քաղաքականությունը եւ ֆինանսական վերահսկողության գործառույթները, եւ պետական պահուստներ գրեթե չկային: Այդ պայմաններում ամենադժվարը ֆինանսական համակարգի եւ ազգային արժույթի նկատմամբ վստահության ձեւավորումն էր: Այնուամենայնիվ, թիմային աշխատանքի շնորհիվ հաջողվեց հասնել վստահություն հայկական դրամի եւ ֆինանսական համակարգի նկատմամբ: Հայկական դրամը ոչ միայն վճարման միջոց է, այլ, առաջին հերթին, պետության անկախության խորհրդանիշ է: Հայաստանի ֆինանսական համակարգն ապացուցել է, որ կարող է դիմակայել լուրջ մարտահրավերների: Դրա ապացույցն է 2008 թ. Ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենադժվար շրջանում ավանդների եւ վարկերի աճը: Այսպես. եթե 2008 թ. բանկերի վարկային պորտֆելը կազմել է 615 մլրդ դրամ, իսկ ակտիվները` 1 տրիլիոն դրամ, ապա 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ այդ թվերն արդեն հասել են, համապատասխանաբար, 3.1 տրլն դրամ (6.4 մլրդ դոլար) եւ 4,7 տրլն դրամ (9.8 մլրդ դոլար): Ամեն տարի նոյեմբերի 22-ին նաեւ նշվում է բանկի աշխատակցի օրը: