Արմինֆո.Արդեն Հայաստան է ժամանել ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որում ընդգրկված են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ղրղըզստանի ներկայացուցիչներ: Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան:
Նա նշել է, որ ակնկալվում է նաև Ուզբեկստանի և Մոլդովայի ներկայացուցիչների մասնակցությունն առաքելությանը, իսկ Ադրբեջանն ու Ուկրաինան դիտորդական առաքելությանը չեն մասնակցի: Ընդհանուր առմամբ, ԱՊՀ դիտորդների թիվը կհասնի 72-ի, ինչը, Սլոբոդայի ասելով, բավական է` հաշվի առնելով հանրապետության մասշտաբները: Նրա ասելով, առաքելության նպատակը ազատ և մրցակցային ընտրությունների ապահովումն է Հայաստանում:
Անդրադառնալով գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին` Սլոբոդան կարծիք է հայտնել, որ դա ոչ թե հեղափոխություն էր, այլ` իշխանության խաղաղ հանձնում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 9 կուսակցություն և 2 դաշինք: Նախընտրական քարոզարշավը մեկնարկում է նոյեմբերի 24-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: