Արմինֆո. Նոր կառավարության կազմում կլինի ոչ թե 17 նախարար, ինչպես այսօր, այլ՝ 9 կամ 11, այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով, պետական ապարատը ներկայիս տեսքով չափազանց ուռճացված է: Կան բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, հիմնադրամներ և Ծրագրերի իրականացման բյուրո, որոնց առաքելությունն այսօր մինչև վերջ պարզ չէ: Կան նաև այնպիսիք, որոնք իրականացնում են գործառույթներ, որոնք կամ կրկնում են նախարարությունների աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքը կամ այն կարելի է վերապահել նախարարություններին: Արդյունքում հիշյալ կազմակերպություններում մարդիկ նույն աշխատանքի համար ավելի շատ են ստանում, քան պետական ծառայողը նախարարությունում:
Առաջին փոխվարչապետի կարծիքով, անհրաժեշտ է բարեփոխել ողջ պետական ապարատը: Ընդհանուր առմամբ, Միրզոյանի խոսքով, ներկայումս գործող 17 նախարարությունից նախարարների նոր կաբինետում հնարավոր է մնան 9 կամ 11-ը:
Միաժամանակ, ինչպես հավաստիացրել է Միրզոյանը, պետական ապարատի <օպտիմալացումը> անձնակազմի մեխանիկական կրճատում չի ենթադրում: Հնարավոր է, ինչ-որ տեղ նաև կրճատումներ լինեն, եթե գտնեն, որ ներկայումս 300 աշխատակցի կողմից իրականացվող աշխատանքը հնարավոր է կատարել 250 աշխատակցով, բայց հնարավոր է, որ աշխատանքի որակի բարձրացման համար ներգրավվի նաև լրացուցիչ անձնակազմ: Արդյունքում, ինչպես հավաստիացրել է կառավարության ներկայացուցիչը, բոլոր քայլերն ուղղված կլինեն միայն պետական ապարատի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: