Արմինֆո.ԱՄՆ-ը խրախուսում է վերջին կառուցողական շփումները ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև` պետությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարների մակարդակով: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Գրիգորի Մաքրիսը:
Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ այդ շփումները բերում են ուղղակի և դրական դիվիդենտներ, քանի որ համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո վերջին երկու ամիսների ընթացքում հակամարտության գոտում լարվածության նվազում են արձանագրել:
Այս առումով նա ևս մեկ անգամ ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և անձնական ներկայացուցիչների ջանքերին, որոնք փորձում են գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները:
«Կողմերը պետք է օգտվեն ընձեռված հնարավորությունից և առաջ գտնեն բանակցային գործընթացի առաջխաղացման ուղիները: Համանախագահներն առաջարկեցին մի շարք գործողություններ, որոնք կողմերը կարող են ձեռնարկել հետագա լարվածությունը նվազեցնելու և հաղորդակցությունը բարելավելու համար: Միացյալ Նահանգները սատարում են այդ առաջարկություններին: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներն աջակցում են շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումներին, լիազորելով ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակին, միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու առումով: ԱՄՆ կարծում է, որ արտաքին գործերի նախարարների հանդիպում կարող է նոր թափ հաղորդել այդ միջոցառումների քննարկումների իրականացմանը», - ասել է Մակրիսը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ հակամարտությունը շատ երկար է տևում, և ժամանակն է, որ կողմերը հրաժարվեն փոխադարձ մեղադրանքներից և քրեական հետապնդումներից և սկսեն բնակչությանը պատրաստել խաղաղությանը: Մակրիսը շեշտել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում են վստահության ամրապնդման միջոցառումներին և հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսության ամրապնդմանը, ինչը կարող է կայունացնել անվտանգության իրավիճակը և ավելի կառուցողական մթնոլորտ ստեղծել բանակցությունների համար: «Երկխոսությանը ներգրավված անձինք պետք է հնարավորություն ունենան դա անելի ազատորեն, առանց վախենալու ճնշումներից, երբ վերադառնան տուն: Մենք մեծ նշանակություն ենք տալիս ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների լուծմանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը`Մինսկի խմբի համանախագահների լուրջ ներգրավմամբ: Հետևաբար, վերջին շաբաթներին ԱՄՆ-ը բարձր մակարդակի դեսպաններ է ուղարկել, Հայաստան և Ադրբեջան, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենտը», - ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը:
Միևնույն ժամանակ, նա բարձր է գնահատել Կասպշիկի գրասենյակի աշխատանքը, ուղղված իրավիճակի կայունացմանը, հայտնելով իր լիակատար աջակցությունը:
Վերջում նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կիսում է այն տեսակետը, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Ստատուս քվոն անթույլատրելի է, ԱՄՆ-ն վճռական է կողմերի հետ աշխատել հակամարտությունում երկարաժամկետ և խաղաղ լուծման որոնման հարցում` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա», - եզրափակել է Մակրիսը: