Արմինֆո. Պետական վերահսկողական ծառայությունն Արտաշատի ջրային տնտեսությունում չարաշահումների նոր աղմկահարույց բացահայտումներ է խոստանում: «Ժողովուրդ ջան, Հովիկ և Հենրիկ Աբրահամյանների հետ կապված ապօրինի ջրոգտագործումը Պետական վերահսկողական ծառայության միակ բացահայտումը չէ։ Առաջիկայում կհրապարակվեն «Արտաշատի» ՋՕԸ մյուս բոլոր խախտումները, գողություններն ու ջրագողությունները։
Մանրամասները՝ շուտով…՚, - «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի» ՋՕԸ սպասարկման տարածքում, և Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Հայտնաբերված խողովակաշարերով, նախնական հաշվարկով, ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։ Մխչյանի խաղողի այգիները և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:
Դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր: